«Հայաստան» խմբակցության պատգամաովր Անդրանիկ Թևանյանը գրում է․
Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան
—————————————
Լաչինի միջանցքը փակվել է ճիշտ այն պատճառով, ինչ պատճառով որ 2020–ի սեպտեմբերի 27–ին սկսեց պատերազմը։
Նիկոլ Փաշինյանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա հնարավորություն է տվել Ալիևին դիմել հանցավոր քայլերի։
2018–ի մայիսի 9–ից մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը խճճեց մինչև վերջ՝ իրարամերժ տեսակետներ հայտնելով, սեփական զրոյական կետից բանակցությունները վարելով, միջնորդներին անհարմար վիճակի մեջ դնելով, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելով ու բանակցային գործընթացը փակուղի մտցնելով։ Արդյունքը եղավ պատերազմն ու պարտությունը։
Հիմա նույն բանն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրել է Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի փաստացի փլուզման պայմաններում հարցերը պետք է կարգավորվեն Երևան–Բաքու–Մոսկվա եռանկյունում։ Փաշինյանը, սակայն, ուզում է Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության պայմաններում հայ–ադրբեջանական հարաբերություններն ու Արցախի հարցը կարգավորել Վաշինգտոնյան պլանով, ինչը մեզ վնասից բացի այլ բան չի կարող տալ։ Ինչպե՞ս է հնարավոր 2020–ի նոյեմբերի 9–ին համաձայնեցված կետերը կյանքի կոչել Արևմուտքի միջնորդությամբ։ Դա աբսուրդ է։ Մեր պետությունը կործանման տանող աբսուրդ։
Արևմուտքը գործիքակազմ չունի Արցախի ժողովրդին պաշտպանելու և այնտեղ էթնիկ զտում թույլ չտալու, ուստի գլխացավանքից ազատվելու համար Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ կոչ անելով Բաքվին պաշտպանել մարդու իրավունքները։ Ընդամենը։
Արևմուտքի խնդիրը ռուսական ռազմական ներկայությունն Արցախում վերացնելն է, իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում, իրենց մեծ խաղում չի հետաքրքրում։
Արևմուտքն ուզում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում նույնպես վերանա։ Իսկ թե ինչ կլինի նաև այս դեպքում, Արևմուտքին կրկին չի հետաքրքրում։
Արևմուտքը մեր թշնամին չէ, բայց Ռուսաստանի ու Իրանի դեմ ծրագրեր ունի։ Արևմուտք–Ռուսաստան հակադրության արանքում հայտնվելու դեպքում Հայաստանն ու Արցախը կարող են վերանալ, բայց դա պետք է մեզ մտահոգի, այլ ոչ թե ուրիշներին։
Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում համաձայնություն է տվել Վաշինգտոնյան պլանին, այսինքն՝ համաձայնել է Արցախը դիտարկել Ադրբեջանի մաս ու դառնալ հակառուսական կոալիցիայի մաս։ Դա ավտոմատ կերպով բերել է Լաչինի միջանցքը փակելու հնարավորությանը և կապել ռուս խաղաղապահների ձեռքերը, քանզի Ալիևն արդեն եկել է «իր» Ղարաբաղի հետևից։
Ավելին՝ Պրահայում վերացել է «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանզի եթե ՀՀ–ն Արցախը համարում է ադրբեջանական, ապա ի՞նչ միջանցքի մասին կարող է խոսք լինել։ Ալիևը հենց Պրահայում ստացածից է օգտվում։
Դե իսկ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում, գումարած՝ Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառում ու դեռ մի բան էլ Ալիևին գովերգում է որպես գազային գործընկեր։
Ի դեպ, Փաշինյանն ավելի հեռուն է գնացել Վաշինգտոնյան պլանի կյանքի կոչման հարցում։ Նա Գյումրիում ՌԴ 102–րդ ռազմաբազան հռչակել է սպառնալիք ՀՀ անվտանգությանը և համաձայնել է ԵՄ դիտորդներ բերել Հայաստան այն դեպքում, երբ ՀՀ գոյության երաշխավորներ ՌԴ–ն ու Իրանը դեմ են դրան։
Այսպիսով՝ Լաչինի միջանցքի փակման բուն պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը՝ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական ռեվերսն է (2018–ին խոստացվում էր, որ այդպիսի ռեվերսներ չեն լինելու)։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է մնալու կամ ժամանակավորապես բացվելուց հետո կրկին փակվելու է այնքան ժամանակ, որքան Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։
Հայաստանի գոյությունն է հարցականի տակ հայտնվելու, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։
Լաչինի միջանցքի, Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի անվտանգության հարցերը մեր ուզած հարթության մեջ կարող են հայտնվել միայն ՀՀ քաղաքականության փոփոխության՝ իշխանափոխության արդյունքում։ Այսինքն՝ առայժմ հարցերը ՀՀ ներքաղաքական դաշտում են գտնվում։ Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը դեռ ունեն փրկվելու հնարավորություն։