
Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու հարցը Արցախի Հանրապետության համար անքննարկելի է, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները արդեն իսկ իրականացնում են այդ վերահսկողական գործառույթները: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Բացի այդ, 2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ այդպիսի բան չի կարող լինել: Սա կլինի Արցախի համար ոչ թե մաքսակետ, այլ լինելու է բանտ տանելու կետ, որովհետև ամեն մեկին տանելու են: Չեմ կարծում, որ այս հարցում լինի որևէ նահանջ, դա անհնար է: Այդ մաքսակետը կոպիտ ձևով խախտելու է պայմանավորվածության էությունը: Ծանր պայմանագիր է (2020 թվականի եռակողմ հայտարարություն-խմբ.) մեզ համար, բայց պետք է խստիվ հետևել»,- ընդգծեց Բաբայանը:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնել է դեկտեմբերի 16-ին: