ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության օգտին քվեարկելու հարցով որոշում դեռ չունենք, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթները, հարցերի պատասխանները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
«Հարցուպատասխանը դեռ չի ավարտվել, կլսենք, հետո կորոշենք, դեռ էլի քննարկում կունենանք, որից հետո որոշման մասին կտեղեկացնեմ»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞ր հարցի վերաբերյալ Արամ Վարդևանյանը պետք է լոյալություն դրսևորի, որ ՔՊ–ն կողմ քվեարկի նրա թեկնածությանը, Մանավազյանը պատասխանեց. «Մենք քննարկում չենք ունեցել, որ ես հիմա ասեմ, թե որ հարցի վերաբերյալ պետք է լոյալություն դրսևորի։ Իմ անձնական տեսակետն այն է, որ հարցերին հստակ պատասխաններ չի տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալիս։ Կան էլի շատ կարևոր բաներ, որ պետք է նայել»։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի Հայաստանի խորհրդարանի երեք փոխխոսնակներից մեկը, ըստ Դոնթի բանաձևի, բաժին է հասնում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ «Ուժեղ Հայաստանն» այդ պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։



