Կուբան և ԱՄՆ-ը փոխանակում են հաղորդագրություն...

Կուբան և Միացյալ Նահանգներն այս պահի դրությամբ հաղորդագրություններ են փոխանակել իրենց ընթացիկ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, բայց լիարժեք երկխոսություն առայժմ սկսված չէ։ Այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ֆեռնանդես դե Կոսիոն։

«ԱՄՆ կառավարությունը գիտի, որ Կուբան վաղուց է պատրաստ բովանդակալից երկխոսության մեր երկկողմ հարաբերությունների առնչությամբ։ Այս պահին մենք փոխանակել ենք հաղորդագրություններ, բայց դեռևս չի կարելի ասել, թե մենք երկխոսություն ենք սկսել», - ասել է դիվանագետը։

Նա պարզաբանել է, որ այդ հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունեցել «բարձր մակարդակով»։

Ընդ որում, դե Կոսիոն ընդգծել է, որ Հավանան պատրաստ չէ քննարկելու իր սահմանադրական կարգի փոփոխությունները։ Փոխնախարարը հավելել է, որ Կուբան ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, «թշնամական չէ, հավանություն չի տալիս ահաբեկչությանը և չի հովանավորում այն», ինչպես նաև պատրաստ է համագործակցելու Վաշինգտոնի հետ թմրամաքսանենգության դեմ պայքարում։

Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ կարծիք է հայտնել այն մասին, թե Կուբայի պետական կարգը կարող է վերանալ։ Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելն իր հերթին ընդգծել է, որ Հավանան բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ, բացառությամբ տեխնիկական շփումների միգրացիայի ոլորտում,  սակայն պատրաստ է լուրջ և պատասխանատու երկխոսության:

Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք նավթ են մատակարարում Կուբա։ Թրամփի հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում Կուբայի առնչությամբ ազգային արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել այդ երկրի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։