ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանը։
Պաշտպանի խոսքով՝ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։
«Աբովյանի ոստիկանապետի ներկայությամբ իմ պաշտպանյալին հայտնել են, որ ինքը պետք է գրի, որ դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով (խմբ–խոսքը գործով մեկ այլ մեղադրյալ Պետրոս Էլբակյանի մասին է), ասել են, որ եթե այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն եւ ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ իրենք անհոգ կապրեն:
Երբ պաշտպանյալս հայտնել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, ազատանցի Պետո չի ճանաչում, ինչպե՞ս այդպես գրի, պետի հրահանգով սկսել են իրեն խոշտանգել, մասնավորապես՝ իր ձեռնաշղթաների դիրքը փոխել են, երկու ձեռքերը մեջքի հետեւում ձեռնաշղթայով միացված վիճակում սկսել են հարվածել նրան, սրբիչը փաթաթել են վզին եւ սեղմել, որի արդյունքում պաշտպանյալս ֆիզիկական ուժեղ ցավ է զգացել: Այնուհետեւ հարվածներ են հասցրել պաշտպանյալիս մարմնի տարբեր հատվածներին, հաստ գրքով ուժգին հարվածել են պաշտպանյալիս գլխին»,–պատմեց փաստաբանը։
Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանները իր պաշտպանյալին հայտնել են, որ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։
«Սկսել են նաեւ սպառնալիքներ հնչեցնել, թե՝ «կտեսնես Մելոն ինչ կանի քո ու ընտանիքիդ անդամների գլխին», ինչից պաշտպանյալս լուրջ մտավախություն ունի, որ իրոք կարող են իր ընտանիքի անդամներին եւ իրեն վնասել:
Ամբողջական` սկզբնաղբյուր կայքում:



