Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է աղետի օբյեկտիվ և անաչառ հետաքննությամբ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են, և Պուտինը ներողություն է խնդրել։
«Քննչական մարմիններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, և ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն ու տեղի է ունենում համագործակցություն՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ... Ափսոսանքի խոսքեր են հնչել, սպասում ենք համապատասխան հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին... Մեր մասնագետներն ապահովում են լիարժեք համագործակցություն»,- ասել է Պեսկովը։
Օրերս Ալիևն ասել էր, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուում կործանվելու հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է։ Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը պահանջում է արդարություն, պատիժ պատասխանատուների համար, լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք»։
«Ռուսական պետական կառույցների կողմից AZAL-ի ինքնաթիռի կործանման մանրամասների կոծկումը և անիմաստ վարկածների տարածումը Բաքվի մոտ զարմանք, ափսոսանք և արդարացի վրդովմունք է առաջացնում: Կատարվածի հանգամանքները թաքցնելու և դա որպես «թռչունների երամի հետ բախման» կամ «գազի բալոնի պայթյունի» հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
Նա նշել էր, որ եթե Գրոզնի քաղաքը օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկեր օդային տարածքը փակելու համար, եթե ցամաքային ծառայությունները գործեին բոլոր կանոններին համապատասխան, և լիներ պատշաճ համակարգվածություն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունից կարելի էր խուսափել:
Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Նա նշել է, որ տարածքում աշխատել է ՌԴ ՀՕՊ համակարգը, սակայն ուղիղ չի ասել, որ դա է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։