Հայաստանում եւ Հայաստանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ իր ողջ ողբերգականությամբ հանդերձ։ Ինչ ունենք այս պահին․ փորձենք ամփոփել
• Չկարգավորված սահմանային իրավիճակ
• Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածի ներխուժման փաստ
• Ռուսական կողմի ներգրավվածություն
• Հայաստանի կողմից ահազանգում միջազգային հանրությանը, Ռուսաստանին, ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ ղեկավարության եւ միջազգային հանրությունը ներկայացնող այլ գործիչների հետ ունեցած հեռախոսազրույցների
• Որոշակի պատասխան ջանքեր ի դեմս արդեն Ռուսաստանի ԱԳ նախարարի, ԵԱՀԿ ղեկավարության՝ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցների
• Հայաստանի կողմից պաշտոնական դիմում ՀԱՊԿ-ին։ Այս ամենն ի մի բերելով, կարող ենք արձանագրել, որ գնդակը, ֆուտբոլային լեզվով ասած, գտնվում է ՀԱՊԿ-ի դաշտում։
Իհարկե մյուս դաշնակիցները պարզապես խնդրի կողքով կանցնեն եւ հիմնական պատասխանող կողմը կմնա Ռուսաստանը։ Հետեւաբար, Ռուսաստանի գործողություններից կախված է լինելու շատ բան թե մեզ համար, թե հենց Ռուսաստանի։
Դատելով Լավրովի եւ Պուտինի տրամադրվածությունից, առանձնապես հայամետ կեցվածք որդեգրել չեն ուզում, ավելի շատ իրենց շահերն են մղում առաջ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան ներքո, փորձելով կորզել դիվիդենդներ։ Սակայն եթե Ռուսաստանը չկարողանա խնդիրը լուծել այնպես, որ «եւ գայլերը կուշտ լինեն, եւ գառները ապահով», ապա հակառուսական ալիքը, որը այս դեպքում կլինի լիովին արդարացված կբարձրանա միանշանակ ու կնպաստի, որ Հայաստանը քայլ առ քայլ, սահմանների հստակեցումից հետո, դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ու այդ հարցում մեղավորը կլինի Կրեմլի ներկայիս ղեկավարի որդեգրած քաղաքական գիծը։ Կրեմլը լուրջ երկնընտրանքի առաջ է կանգնած․ Երեւանում Հարավային Կովկասի ռուսական ազդեցության ապագան է որոշվում։



