Ռուսաստանի բանակն անխուսափելիորեն կպատասխանի ամերիկյան հրթիռներով Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակմանը։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկվա բացարձակապես միանշանակ և ուղիղ հայտարարությունը, որում հստակ ասվում էր, որ պատասխան կհետևի։ Պատասխանը, բնականաբար, կհետևի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարվի, բայց անպայման կհետևի», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 11-ի առավոտյան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վեց ATACMS հրթիռներով հարված են հասցրել Ռուսաստանի տարածքին։ Հարվածների թիրախն է եղել Ռոստովի մարզում գտնվող ռազմական օդանավակայանը։ Հրթիռներից երկուսը խոցել են զինվորականները, ևս չորսը որսացել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։
Բեկորների ընկնելու հետևանքով անձնակազմի շարքում կան տուժածներ։
Նոյեմբերի 19-ին ուկրաինական զինուժի կողմից ամերիկյան և բրիտանական ATACMS և Storm Shadow հրթիռներով Կուրսկի և Բրյանսկի մարզերի օբյեկտների հրթիռակոծումից հետո ՌԴ-ն փորձարկել էր նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռային համակարգը։ Նոյեմբերի 21-ին ռուսական ուժերն այդ հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված էին հասցրել Դնեպրոպետրովսկում հրթիռներ արտադրող խոշոր արդյունաբերական համալիրին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խմբային օգտագործման դեպքում «Օրեշնիկ»-ի հարվածը համեմատելի է միջուկային զենքի կիրառման հետ։