Կրեմլը դրական է գնահատում Զելենսկիի պատրաստակ...

Կրեմլը դրական է գնահատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատրաստակամությունը՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, բայց Մոսկվայի հետ բանակցությունների արգելքը կարող է խոչընդոտ դառնալ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրական, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ - Հարցն այն է, թե ում հետ պետք է նստել: Առայժմ նախկինի նման պահպանվում է ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու՝ Ուկրաինայի նախագահի իրավական արգելքը։ Ուստի ընդհանրապես մոտեցումը դրական է, բայց նրբություններն առայժմ չեն փոխվում»:

Մարտի 4-ին Կոնգրեսի առջև ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ 

Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկիի սուր բանավեճից մի քանի օր անց. Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորում և պատրաստ չէ խաղաղ կարգավորման։

2022 թ. հոկտեմբերի 4-ին Զելենսկին գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին: