Կրեմլը արյան վրեժի մասին, որը Կադիրովը խոստաց...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի մեկնաբանում արյան վրեժի մասին սպառնալիքների հետ կապված իրավիճակը, սպառնալիքները հնչեցրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սենատոր Սուլեյման Քերիմովի եւ պատգամավորներ Բեկխան Բարախոեւի եւ Ռիզվան Կուրբանովի հասցեին։

Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», լրագրողները ճեպազրույցի ժամանակ Պեսկովին խնդրել են մեկնաբանել «իրավիճակը, երբ ռուսական մի շրջանի ղեկավարը սպառնացել է արյան վրեժով սենատորի եւ երկու պատգամավորի»։

«Մենք չենք մեկնաբանում այդ իրավիճակը։ Եթե ինչ-որ սպառնալիքներ կան, ապա ցանկացած քաղաքացի դիմում է իրավապահ մարմիններին, որոնք օրենքի համապատասխան անհրաժեշտ միջոցներ են ընդունում։ Այլ մեկնաբանություններ այստեղ լինել չեն կարող»,- պատասխանել է Պեսկովը։

Հոկտեմբերի սկզբին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել էր տեսանյութ տեղի ուժայինների հետ խորհրդակցությունից, որտեղ, մասնավորապես, խոսել է Wildberries-ի գրասենյակի միջադեպի մասին»։ Ինչ-որ պահի նա հիշատակել է, որ Պետդումայի պատգամավորներ Բեկխան Բարախոեւը եւ Ռիզվան Կուրբանովը «պատվիրել» են իր սպանությունը։

«Եթե նրանք հակառակը չապացուցեն, ես պաշտոնապես արյան վրեժ եմ հայտարարում Բեկխան Բարախոեւին, Ռիզվան Կուրբանովին եւ Սուլեյման Քերիմովին»,- ասել է Կադիրովը։

Սուլեյման Քերիմովը չի մեկնաբանել Կադիրովի մեղադրանքները։ Բարախոեւը հայտնել է, որ ոչ մի կապ չունի Չեչնիայի ղեկավարի իբր մահափորձի հետ։ Նման հայտարարություն արել է նաեւ Կուրբանովը։

Հրաձգությունը Wildberries-ի գրասենյակի մոտ Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի ցերեկը, երբ մարքետփլեյսի հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, եկել է այնտեղ, նրա խոսքով, գործնական հանդիպման։ «Новая газета Европа»-ի տվյալներով՝ առաջին կրակոցները օդամուղ զենքից արձակել է Wildberries-ի պահպանության ներկայացուցիչը, նա ծագումով Ինգուշիայից է։ Ի պատասխան՝ Չեչնիայի ծագում ունեցողները, որոնց ուղեկցությամբ եկել է Բակալչուկը, կրակ են բացել հրազենից։ Wildberries-ում նշել են, որ Վլադիսլավ Բակալչուկը փորձել է «անօրինաբար ներխուժել» գրասենյակ։