
ՆԱՏՕ-ի երկրների զորքերի Ուկրաինայում տեղակայման գաղափարը անընդունելի է Ռուսաստանի համար, Tass-ի փոխանցմամբ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՆԱՏՕ-ի երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում չի կարող ընդունելի լինել Ռուսաստանի համար»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ևս արտահայտվել է այս հարցի շուրջ։
Ավելի վաղ «The Daily Telegraph»-ը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Կիևի եվրոպացի դաշնակիցները մտադիր են առաջարկել Վաշինգտոնին Ուկրաինա ուղարկել առնվազն 30,000 զինվորական եվրոպական երկրներից։
Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հաջորդ շաբաթ այս առաջարկը կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պլանի համաձայն, որը նախաձեռնել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, արևմտյան զորքերը պետք է տեղակայվեն Ուկրաինայի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում և Կրիվոյ Ռոգում, ինչպես նաև հիմնական նավահանգիստներում և կենսական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներում, մասնավորապես՝ ատոմակայաններում։
Այս նախաձեռնության նպատակը ՆԱՏՕ-ի զորքերի և ռուսական բանակի միջև ուղղակի առճակատման ռիսկի նվազեցումն է։ Ըստ պլանի՝ զորքերը լայնորեն կօգտագործեն տեխնիկական դիտարկման միջոցներ, ներառյալ արբանյակները, անօդաչու թռչող սարքերը և հետախուզական ինքնաթիռները՝ ուկրաինական ուժերի տեղակայման գծի երկայնքով իրավիճակը վերահսկելու համար։
Սթարմերը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևի իշխանությունների համար անվտանգության երաշխիքներ ապահովելու և հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Սակայն նա նշել է, որ Ուկրաինա եվրոպական զորքերի ցանկացած հնարավոր տեղակայում պետք է ամրապնդվի ԱՄՆ-ի երաշխիքներով, հակառակ դեպքում բոլոր միջոցները «Ռուսաստանին զսպելու» համար անարդյունավետ կլինեն։
Մոսկվան բազմիցս բացասական վերաբերմունք է արտահայտել եվրոպական զորքերի Ուկրաինայում տեղակայման գաղափարի նկատմամբ՝ խաղաղապահ առաքելության քողի ներքո։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ նման քայլը միայն էլ ավելի կսրի իրավիճակը։