Կրեմլում անցկացվում են Պուտինի և Կատարի էմիրի...

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի բանակցությունները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ալ Թանին Մոսկվա է ժամանել պաշտոնական այցով։

Հանդիպման սկզբում Պուտինը նշել է Կատարի ներդրումը պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման գործում: Նա նշել է, որ Կատարը լուրջ որոշումներ է ընդունում պաղեստինաիսրայելական հակամարտությունը լուծելու համար։

«Կատարը մեր առաջատար նավթագազային ընկերության՝ «Ռոսնեֆտ»-ի առանցքային գործընկերներից մեկն է: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով շուրջ մեկ միլիարդ դոլար է ներդրվել մեր տնտեսության մեջ, և, վստահ եմ, որ հեռանկարները շատ ավելի մեծ են, մենք ունենք շատ հետաքրքիր նախագծեր», - ասել է Պուտինը ռուս-կատարյան բանակցությունների ժամանակ:

Կրեմլի ղեկավարը խոսել է նաև Ռուսաստանի և Կատարի հարաբերությունների մասին, որոնք ամրապնդվում են: Նրա խոսքով՝ Կատարը Ռուսաստանի առաջնահերթ գործընկերներից է Մերձավոր Արևելքում։

«Մեր հարաբերություններն ամրապնդվում են…. Կատարը մեր առաջնահերթ գործընկերներից մեկն է ընդհանրապես և հատկապես Մերձավոր Արևելքում», - ասել է Պուտինը բանակցությունների ժամանակ։

Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ երկու երկրների ղեկավարների քննարկման օրակարգում են երկկողմ փոխգործակցության հրատապ հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական և հումանիտար ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային թեմաներ։

Կրեմլում նաև հաղորդել են, որ Ռուսաստանն ու Կատարը հանդես են գալիս Սիրիայի միասնության, նրա տարածքային ամբողջականության և երկխոսության միջոցով իրավիճակի շուտափույթ կարգավորման օգտին։

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են, այդ թվում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։