Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել. Քնն...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։ Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։

Կրակոցների հետևանքով դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»,-գրել է Աբրահամյանը: