Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ-ՄԹ...

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհուրդից:

Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ-ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։