Կոտայքում Howo-ն կողաշրջված, Nissan-ը մեջտեղի...

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված՝ Howo մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը ՀՀ ՊՆ X զորամասի ծառայող է։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։