
Հուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։
Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում 2026թ. կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: