
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ընդգծել ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և այս համատեքստում Հայաստան-Ֆրանսիա գործակցության հնարավորությունները:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը` մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին:
Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:
Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: