Կոստա Ռիկայում ինքնաթիռի կործանվելու պատճառով...

Կոստա Ռիկայում ոչ մեծ Cessna 206 ինքնաթիռի կործանվելու պատճառով զոհվել է հինգ մարդ, մեկ ուղեւոր ծայրահեղ վիճակում է։ Այս մասին տեղեկացրել է La Nación պարբերականը՝ հղում կատարելով Կոստա Ռիկայի Կարմիր խաչի փրկարարներին, որոնք կարողացել են հասնել կործանված ինքնաթիռի մոտ երկուշաբթի Էսկասու կանտոնում։

 Նրանց հաջողվել է հայտնաբերել ողջ մնացած կնոջը, որը ծայրահեղ վիճակում է։ Երբ փրկարարները հասել են ողբերգության վայր՝ 31-ամյա կինը գիտակցության մեջ էր։

Որոնողական բրիգադը հայտնաբերել է նաեւ հինգ զոհերի դիերը, երկուսը՝ ինքնաթիռի ներսում, երեքը՝ դրսում։ Բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները կոստառիկացիներ էին։

Ոչ մեծ Cessna 206 ինքնաթիռը՝ TI-GER համարով, ռադարների տեսադաշտից անհետացել է երկուշաբթի, տեղի ժամանակով ժամը մոտ 12.30-ին։ Ինքնաթիռում չորս ուղեւորներն էին եւ անձնակազմի երկու անդամները։ Օդանավն ուղեւորվում էր մայրաքաղաքի օդանավակայան, սակայն վատ տեսանելիության պատճառով օդանավակայանը փակ էր։ Ինքնաթիռը հարկադրված ուղղությունը փոխել է դեպի պահեստային օդանավակայան, բայց շուտով կապը կարգավարի աշտարակի հետ կորել է։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են ջունգլիներում ծովի մակարդակից 2 100 մետր բարձրության վրա։