Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Շիրակի մարզի բ...

Շիրակի մարզում  կորոնավիրուսային  իրավիճակը կայուն է ու կառավարելի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Գյումրի բժշկական կենտրոն»-ի տրիաժ բաժանմունքում  կա 12 հիվանդ:

«Մարզում այս հիվանդությամբ  ստացիոնար ծառայություն մատուցող բուժհաստատություն այս պահին չկա՝ ստացիոնար բուժման ուղեգրված հիվանդները մեկնում են երևանյան հաստատություններ»,-«Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ հիվանդների ընդհանուր թիվը բարձր չէ, և չկա անհրաժեշտություն այս պահին մարզում կորոնավիրուսային բուժում իրականացնող ստացիոնար հաստատության վերաբացման:

 Մարզում վերջին օրերին բավական ակտիվացել է պատվաստվողների թիվը: «Բավական ակտիվացել է գործընթացը: Այս պահին մարզում ունենք ընդհանուր պատվաստված 14 հազար 738 քաղաքացի, որը  կազմում է  մարզի բնակչության 6,4  տոկոսը: Ցուցանիշով մարզը հանրապետությունում լավագույններից է»,-նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ շիրակցիներն առավել շատ նախընտրել են պատվաստվել Sputnik V պատվաստանյութով, երկրորդ տեղում CoronaVac-ն   է և երրորդում` AstraZeneca-ն:

Սրան զուգահեռ մարզպետարանի պատասխանատուն նշեց, որ մարզում կան նաև սեզոնին բնորոշ աղիքային վարակների դեպքեր, սակայն ցուցանիշը նորմերի մեջ է և անհանգստություն չի պատճառում: