Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը:
Դեսպան Պավել Չեպլակը փոխվարչապետին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: