Կոնսենսուսային, որակյալ փաստաթուղթ է՝ ԵԱՀԿ ու...

Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը սկսե՞լ է կանոնակարգի հաստատման գործընթացը:

«Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք կան։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը, որպես միջազգային պայմանագրի նախագիծ, հաստատելու է Կառավարությունը և ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Կարծում եմ՝ կոնսեսուսային և որակյալ փաստաթուղթ է և ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»,- նշեց Մինասյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հիշեցնենք նաև՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: