Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգր...
Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել կոնդեցիների իրավունքների պաշտպանության, տասնամյակներով նրանց տնօրինած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար։
Քաղաքապետին զեկուցվեց, որ Կոնդ թաղամասի շենք-շինությունների օրինականացման հետ կապված այս պահին կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում։
«Ովքեր ունեն քաղաքապետի որոշում, ծանուցվել են ավագանու որոշման մասին սեփականաշնորհման վճարների հետ կապված։ Դեռևս կատարված վճարումներ չկան։ Ըստ գոտիականության՝ մեկ քառակուսի մետրի արժեքը 214 կամ 139 հազար դրամ է»,- հայտնեցին քաղաքապետին։
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
2023-ին Ավինյանն ասել էր, որ Կոնդի վերակառուցման` «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել։