Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները, իբրև հավատքի, մշակույթի և պատմական հիշողության ամուր կապերով միավորված համայնքի ներկայացուցիչներ, ամենայն խստությամբ դատապարտում են պետական այն գործողությունները, որոնք ոտնահարում են մեր Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին հայտարարություն են տարածել Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իր շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նրա ազգային ինքնության, հոգևոր կյանքի և միասնականության ամուր հենասյունը։
Մեր ժողովրդի պատմության ամենածանր և փորձություններով լի ժամանակաշրջաններում Հայ Եկեղեցին եղել է այն լուսավոր փարոսը, որի շուրջ պահպանվել են ազգային միասնությունն ու հոգևոր ինքնությունը։ Աշխարհագրական սահմաններից անդին այն իր հովանու ներքո համախմբել, զորացրել և սատարել է աշխարհասփյուռ հայությանը։
Այս պատմական ժառանգության անբաժանելի մասն է նաև Արգենտինայի հայ համայնքը, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների անձնազոհ ջանքերով ու տոկունությամբ և սերնդեսերունդ ամրացել ու զարգացել է։ Հայոց եկեղեցիները մշտապես եղել են մեր համայնքային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքի կենտրոնը։
Արգենտինական հասարակության մեջ մեր համայնքի լիարժեք հաստատումն ու հայրենական արմատների պահպանումն անհնարին կլինեին առանց մեր Մայր Եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ հովանավորության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն անքակտելի կապն է, որ Սփյուռքի մեր ներկան միավորում է մեր հայրենիքի անցյալի, ներկայի և ճակատագրի հետ։
Ելնելով այս պատմական փորձառությունից՝ անընդունելի ենք համարում աշխարհիկ դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին՝ բացառապես կանոնական և կազմակերպական հարցերին և այն գնահատում ենք որպես Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ծանր ոտնձգություն։
Եկեղեցական կառույցի ներքին կյանքին պետական այս բացահայտ միջամտությունը հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է կրոնական ազատության իրացման նկատմամբ։
Այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առջև, պետական համակարգից հրահրվող առճակատումը թուլացնում է մեր ազգի ընդհանուր դիմակայունությունը և խաթարում այն ներքին համերաշխությունն ու միասնականությունը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր հայրենիքի անվտանգության և ապագայի համար։
Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է օգոստոսի 7-ին նշանակված դատական նիստի նախաշեմին, որի ընթացքում քննության առարկա են դառնալու այս գործի առանցքային հարցերը։ Արգենտինայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ հետևելու է դատական գործընթացին և դրա հետագա զարգացումներին։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արգենտինայի Հանրապետության հայ համայնքը պահանջում է անհապաղ և անվերապահորեն կարճել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Դատական այս հետապնդումների դադարեցումը անհրաժեշտ պայման է մեր ազգային հաստատությունների բնականոն գործունեությունը, Հայ Եկեղեցու արժանապատվությունն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը պահպանելու համար։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանություններին վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա նվիրապետության նկատմամբ թշնամական գործողություններին, անվերապահորեն հարգել Եկեղեցու ինքնավարությունը, կանոնական կարգն ու պատմական առաքելությունը և նպաստել այն հասարակական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, որի կարիքն այսօր առավել քան երբևէ ունի մեր ժողովուրդը։
Արգենտինայի հայ համայնքը չի կարող և չի մնա անտարբեր այս գործընթացի հանգուցալուծման նկատմամբ։ Մենք շարունակելու ենք ուշադիր և գործուն կերպով հետևել զարգացումներին՝ համագործակցելով Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ։IARA
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ
Հարավային Ամերիկայի Հայ օգնության միություն (ՀՕՄ)Հայ մշակութային միությունԱրգենտինահայ արդյունաբերության և առևտրի պալատ«Դեպորտիվո Արմենիո» մարզական ակումբ«Արզումանյան» հիմնադրամ«Արմենիա» հիմնադրամՀայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամ«Վիսենտե Լոպես» կրթական հիմնադրամՀայ Եկեղեցու վարչական հաստատություն — Հայ կենտրոն«Արարատ» օթյակՀայ ազատական-ժողովրդավարական կազմակերպությունՄարաշի հայրենակցական միությունՀայ մշակութային միություն«Շարժում» հայ մշակութային միությունՀայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)Հայ մարմնակրթական ընդհանուր միություն «Հոմենեթմեն» (ՀՄԸՄ)Այնթապի հայ հայրենակցական միությունՀաճընի հայ բնակիչների միությունԱՐԱՄԱ (ARAMÁ)



