Կնքվել է փոխըմբռնման հուշագիր EUIPO-ի և ՀՀ մտ...

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-18-ը Իսպանիայի թագավորության Ալիկանտե քաղաքում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և European Union Intellectual Property Office-ի (EUIPO) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Անուշիկ Ավետյանն իր բացման խոսքում ներկայացրել է մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները և Կառավարության առաջնահերթությունները։ Նա ընդգծել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ և ԵՄ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնավորապես CEPA համաձայնագրի շրջանակում։

Նախարարի տեղակալը նշել է, որ մտավոր սեփականության համակարգի զարգացումը Կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով դրա կարևոր դերը նորարարության, տնտեսական աճի և ստեղծարար ոլորտների զարգացման գործում։ Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի ընդունումը, մտավոր սեփականության ոլորտի զարգացման ազգային ռազմավարության մշակումը, աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և համակարգի շարունակական թվայնացումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ներկայացրել է ոլորտի ներկա իրավիճակը, իրականացվող ծրագրերը և EUIPO հետ նախատեսվող հետագա համագործակցության ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «EU4IP» ծրագրի շրջանակում 2026 թ. նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Այցի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր EUIPO-ի և ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի միջև, որը նոր մակարդակի է բարձրացնում ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Քննարկումները կենտրոնացած են եղել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և կիրարկման արդյունավետության բարձրացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և միջազգային լավագույն փորձի ներդրման վրա։ Միաժամանակ ընդգծվել է «EU4IP» ծրագրի կարևորությունը՝ որպես համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման հարթակ։

«Նման ձևաչափով հանդիպումները կարևոր դեր ունեն միջազգային համագործակցության ամրապնդման, Հայաստանի մտավոր սեփականության համակարգի զարգացման, եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և ԵՄ-ի հետ տնտեսական օրակարգի խորացման տեսանկյունից»,- նշել է Անուշիկ Ավետյանը։