Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում
կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր
տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և
հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել,
պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի
ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային
իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741
դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին
փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում:
Վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի,
մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է,
որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի
համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու
պարագայում կվատթարանա:
Ա. Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի
շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար
դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ
պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները
համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին:
Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող
աշխատանքների մասին:

Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները:
Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական
գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և
հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝
պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական
հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն
իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա:
Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և
հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու
ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: