ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովհաննիսյանը գերազանց է գնահատել հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և առաջ մղելու համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։
Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: