Հյուսիսային Կորեան, հավանաբար, Ուկրաինա պատերազմելու է ուղարկել Կորեական ժողովրդական բանակի, որը համարվում է «ամենակոշտերից մեկն աշխարհում», Արեւմտյան օկրուգի հատուկ ստորաբաժանումների մարտիկներին, տեղեկացրել է Bild-ը՝ հղում կատարելով հարավկորեական հետախուզության տվյալներին։ Պարբերականի մեկնաբան Փետեր Թիդեն այդ զինվորներին անվանում է «մարտական ստրուկներ»՝ հավաստիացնելով, որ նրանք դաստիարակվել են լիակատար տեղեկատվական վակուումում, առանց ինտերնետի, արեւմտյան լրատվամիջոցների եւ բջջային հեռախոսների հասանելիության։ Նրանց մանուկ հասակից ենթարկել են գաղափարախոսական մշակման՝ ատելություն սերմանելով «ՆԱՏՕ սատանաների» դեմ եւ հավատարմության վարժեցնելով «սիրելի առաջնորդին», ասում է Թիդեն։
Հոկտեմբերի 5-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ այցելել է այդ ստորաբաժանման ճամբար։ Նրա աչքերի առջեւ մարտիկները բռունցքով եւ մուրճերով կոտրել են բետոնե սալերը, որոնք ընկած էին իրենց ընկերների մարմինների վրա։ Այդ զինվորները մինչ այդ պահպանում էին Կիմ Չեն Իրին՝ Հյուսիսային Կորեայի ներկա առաջնորդի հորը։
Հարավկորեական NIS հետախուզության տվյալներով՝ դեռ Սերգեյ Շոյգուի Փհենյան այցելությունից առաջ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-13-ին, Ռուսաստան էին հասցվել 1 500 հյուսիսկորեացի զինվորականներ։ Արբանյակները գրանցել են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի չորս դեսանտային նավ եւ երեք ֆրեգատ, որոնցով Չխոնջին եւ Համհին նավահանգիստներից Վլադիվոստոկ են եկել նրանք։ Ավելի ուշ նկատելի է դարձել ռուսական АН-124 տրանսպորտային ինքնաթիռների չվերթների ավելացում Վլադիվոստոկի եւ Փհենյանի միջեւ։ Հավանաբար, ավիացիան նույնպես օգտագործել են մարտիկների տեղափոխման համար։
Այժմ մոտ 400 հյուսիսկորեացի զինվորական պատրաստվում է Խաբարովսկի զորամասերում, նրանց տրվել են կեղծ փաստաթղթեր եւ ռուսական անձնագրեր, եւ նրանք «քողարկված» են որպես բուրյաթներ եւ յակուտներ, հավաստիացնում են NIS-ում։