ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գործակալության տվյալների՝ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 8-ին «Կըմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում։ Բանակցություններից առաջ կողմերը ողջունել են միմյանց և համատեղ լուսանկարվել երկու երկրների պետական դրոշների ֆոնին։ Բանակցություններին մասնակցել են ԿԺԴՀ-ի և Չինաստանի կուսակցական ու պետական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների և պաշտպանական կառույցների ղեկավարներ։
Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին և վերահաստատում է հավատարմությունը ավանդական բարեկամության ու համագործակցության զարգացմանը։ Նա նաև ընդգծել է, որ Փհենյանը մտադիր է այսուհետ ևս ամրապնդել փոխգործակցությունը Պեկինի հետ և սատարել «մեկ Չինաստանի» սկզբունքը։
Սի Ծինփինը, ինչպես հաղորդում է ԿԿՀԳ-ն, իր հերթին նշել է ԿԺԴՀ-ի ձեռքբերումները երկրի զարգացման գործում և հաստատել ժողովրդական հանրապետության հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Չինաստանի կուրսի անփոփոխելիությունը։ Նրա խոսքով՝ Պեկինը կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության զարգացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի շուրջ համակարգմանը։
Բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկվել են համաշխարհային բարդ քաղաքական իրադրությունում ռազմավարական համակարգման ու աջակցության ամրապնդման, երկու պետությունների ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի հաստատակամ պաշտպանության, տարածաշրջանում և մոլորակում խաղաղության ու զարգացման համատեղ պահպանման հարցերը, ձեռք է բերվել գոհացուցիչ ընդհանուր համաձայնություն։
Բացի այդ, ԿԺԴՀ-ի և Չինաստանի առաջնորդները պայմանավորվել են երկու երկրներում հանդիսավոր միջոցառումներ անցկացնել երկու պետությունների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 65-ամյակի կապակցությամբ։ Գործակալությունն ընդգծում է, որ բանակցություններն անցել են ջերմ մթնոլորտում և դարձել նոր հանգրվան Փհենյանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության հարաբերությունների զարգացման գործում։



