
Ուկրաինան պատրաստ է վճարել 15 միլիարդ դոլար՝ 10 Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել համակարգերը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք գնել և մեզ անհրաժեշտ է առնվազն 10 Patriot համակարգ որոշ քաղաքների համար, իսկ դա 15 միլիարդ դոլար արժե: Մենք պատրաստ ենք վճարել այս 15 միլիարդ դոլարը, մենք կգտնենք այս գումարը և կվճարենք ամեն ինչի համար», – վստահեցրել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Զելենսկին արդեն խոսել էր ԱՄՆ-ից զենքի մեծ փաթեթ գնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին, որը կներառի Patriot համակարգերը, սակայն միջոցների չափն ու աղբյուրները չէին նշվում։ Այժմ նա հայտարարել է, որ Կիևը մտադիր է Վաշինգտոնից գնել հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ իր եվրոպացի գործընկերների օգնությամբ։
«Չունենք հակաօդային պաշտպանության բավարար համակարգեր։ Մենք փաթեթը փոխանցեցինք ԱՄՆ-ին անհրաժեշտ նոր զինատեսակներով: Մենք պատրաստ ենք գնել այդ փաթեթը: Մենք դա քննարկել ենք եվրոպացի գործընկերների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին ֆինանսավորել համապատասխան փաթեթները»,- հավելել է նա: