
Հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը պատրաստ է և հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ է, շարադրված է թղթի վրա, հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից, երկու պետությունների ղեկավարներին մնում է միայն ստորագրել այն», - ասել է նախարարը։
Նա մանրամասնել է, որ փաստաթուղթը ներառում է «ռազմավարական օգտակար հանածոներ, գազ, նավթ, ենթակառուցվածքային ակտիվներ», և որ այն ձեռնտու է երկու երկրների ժողովուրդներին։
Փետրվարի 27-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ ուկրաինական հանքային ռեսուրսների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Կիևին։
«Օգտակար հանածոների մասին համաձայնագիրը հիմք կծառայի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ապագայում ավելի կայուն հարաբերությունների համար: Դա կխթանի երկարաժամկետ բարգավաճումը, որը կօգնի ուկրաինացիներին տնտեսապես վերականգնել իրենց երկիրը», - ասել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամերիկացի առաջնորդը նաև հիշեցրել է, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Վաշինգտոն, որտեղ համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների և այլ բնական պաշարների համատեղ արդյունահանման վերաբերյալ։