
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գտնվում է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում՝ Բաց կառավարման գործընկերության (OGP) 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը` ելույթ ունենալով «Հանրային վստահության վերականգնում մասնակցային կառավարման միջոցով» թեմայով։
Ելույթի ընթացքում նախարարը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացված մասնակցային նախաձեռնությունները, բարեփոխումները։ Մասնավորապես, խոսել է մասնակցային բյուջետավորման, բնակավայրերում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների, իրավական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել ՏԻՄ-երի հաշվետվողականությունը, ավելացնել բնակչության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, մեծացնել վստահությունը տեղական իշխանությունների հանդեպ։
Նա նշել է, որ Հայաստանն առաջիկայում էլ շարունակելու է ներդնել թվային գործիքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մասնակցայնության ընդլայնման ուղղությամբ։
«Մենք հավատում ենք, որ բաց կառավարումը միայն թափանցիկության կամ ինֆորմացիայի հասանելիության մասին չէ։ Այն համատեղ իշխանության և համատեղ պատասխանատվության մասին է»,- եզրափակել է Դավիթ Խուդաթյանը: