ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։
Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,- գրել է նախարարը:



