Խփված անօդաչուի բեկորներն ընկել են բազմաբնակա...

Փետրվարի 10-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքը գրոհել է Կրասնոդարը։ Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ցենտրալնի բնակելի համալիրի վրա եւ վնասել շենքի 19-րդ հարկի տեխնիկական վերնաշենքը, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը։ «Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները, տարածքը, որտեղ դա տեղի է ունեցել, շրջափակված է։ Դռնից դուռ ստուգում է իրականացվում՝ պարզելու, թե արդյոք վնասվել են բնակելի տարածքներ»,- գրել է Կոնդրատեւն իր թելեգրամ-ալիքում։Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է տեղական ժամանակով ժամը մոտ 02։00-ին (նույնը, ինչ Մոսկվայում)։ Բուդյոննի 129 շենքի վրա բեկորներ են ընկել։ «Տան կենսապահովման համակարգերն աշխատում են նորմալ ռեժիմով, բնակելի տարածքները չեն վնասվել։ Հրդեհներ նույնպես չկան։ Ես իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ»,- նշել է Նաումովը։ Նա նաեւ հիշեցրել է քաղաքի բնակիչներին լուսանկարելու եւ տեսանկարահանելու արգելքի մասին եւ հորդորել է չդիպչել անօդաչու թռչող սարքի բեկորներին։ Ավելի ուշ Կոնդրատեւը հայտնել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը խփվել է Սեւերսկի շրջանի Աֆիպսկի գյուղում։ Այս բնակավայրի մոտ, որը գտնվում է Կրասնոդարի ծայրամասից 12–13 կիլոմետր հեռավորության վրա, գտնվում է համանուն նավթավերամշակման գործարանը, որը կարող էր լինել անօդաչու թռչող սարքերի թիրախ եւ նախկինում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել։ «Ցավոք, բեկորները վնասել են մի առանձնատուն։ Ոչ ոք չի տուժել, տեղում աշխատում են հատուկ ծառայությունները»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։ՌԴ ՊՆ ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Այդ թվում յոթը՝ Կրասնոդարի երկրամասիի, երեքը՝ Բրյանսկի, երկուսը Ռոստովի, մեկական Բելգորոդի եւ Կուրսկի մարզերի, ինչպես նաեւ մեկական՝ օկուպացված Ղրիմի տարածքում։