
Գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Վահե Սարգսյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Բերձորի հանձնումից հետո այս գյուղերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմերից շրջափակման մեջ հայտնված գյուղերը պարբերաբար ենթարկվում են հրետակոծության։
2020-ի պատերազմից հետո Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի, խոտհարքների զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Կրճատվել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից։ Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ կաթի գնի շարունակական նվազման պայմաններում մթերվող կաթից 5 տոկոս հարկելու որոշման ընդունման մասին խոսակցություններ են շրջանառվում։ Եթե այս խոսակցությունները իրականություն դառնան, ըստ գյուղացիների՝ իրենցից շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։
Գյուղերի և, ընդհանրապես, Գորիսի միջհամայնքային ճանապարհների վիճակն անմխիթար է․ միայն վերջերս են ձեռնարկվել ճանապարհաշինական աշխատանքներ։
Ահագնալի տեմպերի է հասել արտագաղթը, երիտասարդությունն այլևս իր ապագան չի տեսնում նշված բնակավայրերում։ Այս ցավալի իրողությունը պայմանավորված է գյուղերում աշխատանքի բացակայությամբ և անվտանգության խնդիրներով։
Ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող սահմանամերձ գյուղերի խանութների և մանր առևտրով զբաղվող գյուղացիների համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ։ Հարկային բեռի ավելացման հետևանքով վերջիններս կանգնել են փակման վտանգի առաջ։
Չնայած սոցիալական անբարենպաստ պայմաններին՝ տեղադրել են ջրաչափեր և գյուղացիներին արգելել օգտվել սարերից հոսող բնական աղբյուրների ջրերից, ինչը, նախկինում, որևէ կերպ չէր խոչընդոտվում։ Տեղեկացա նաև, որ անտառից լոբու թուփի համար փայտե ձող (լոբու սարի) հավաքելու համար գյուղացիները տուգանվում են էկոպարեկների կողմից։
Եվ ամենացավալին, որ արձանագրեցինք բնակիչների հետ զրույցներում, հեռանկարի բացակայությունն է։ Մինչդեռ, թշնամու նշանառության տակ հայտնված գյուղն ու սահմանապահ գյուղացին իրենց թիկունքում պետք է զգային պետության և իշխանությունների ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը»,-գրել է պատգամավորը։