
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին երեքշաբթի հայտարարեց կառավարության կազմում զգալի փոփոխությունների, այդ թվում՝ նոր արտգործնախարարի նշանակման մասին։
Քարնին, որը տարեսկզբին փոխարինեց Ջասթին Թրյուդոյին և հաղթեց վերջին ընտրություններում, արտգործնախարար է նշանակել Անիտա Անանդին՝ փոխարինելով Մելանի Ժոլիին, որն այժմ զբաղեցնում է արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Անանդը մինչ այդ եղել է պաշտպանության նախարար։
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ Դոմինիկ ԼըԲլանը շարունակում է ղեկավարել Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի հարցերը՝ առևտրային լարվածության խորացման պայմաններում։
Վարչապետի պաշտոնն ստանձնելիս Քարնին ընդգծել է իր վճռականությունը՝ հակազդելու Կանադայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ագրեսիվ քայլերին։
«Կանադացիները քվեարկել են այս նոր կառավարության օգտին՝ հստակ մանդատով՝ ԱՄՆ-ի հետ սահմանելու նոր տնտեսական ու անվտանգային հարաբերություններ և կառուցելու ավելի ուժեղ տնտեսություն բոլոր կանադացիների համար»,– հայտարարել է Քարնին։