Խորհրդարանում քննարկվել է գալիք տարվա գլխավոր...

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:

ԱԺ կազմը համալրած Ալեքսանդր Ավետիսյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը, որից հետո պատգամավորները սկսել են օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:

Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի` առաջարկությունների հիման վրա փոփոխված նախագիծը:

Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ի վերագնահատման, ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաեւ բյուջեի մշակման հիմքում դրված` նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկելու արդյունքում վերանայվել են բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը եւ պակասուրդը: 2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5,1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ` համապատասխանաբար 158 մլրդ դրամով եւ 0,5 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը` 2 տրիլիոն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 734 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով, ընդ որում` ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով` 48,3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար:

Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5 տոկոսի մակարդակում:

Նախարարը հաջորդիվ մանրամասնել է կատարված փոփոխություններն ըստ ոլորտների, անդրադարձել անելիքներին:

Պատգամավորները ներկայացրել էին 19 առաջարկ եւ հարցում: Դրանցից 5-ն ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի, 4 հարցումի կապակցությամբ տրվել են պարզաբանումներ: 10 առաջարկ չի ընդունվել: 19 առաջարկից 14-ը վերաբերել են ծախսերի ավելացմանը: Ծախսերի կրճատման կամ պակասուրդը պակասեցնելու վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ԱԺ «Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ ներկայացված նախագիծը ենթակա չէ կողմ քվեարկելու, քանի որ որեւէ խնդիր չի լուծելու:

Խմբակցության այս մոտեցումը պայմանավորված է Կառավարության գործունեությամբ: «Ներկայացված պետական բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատեւ եւ կայուն զարգացումը»,- մասնավորապես ասել է ընդդիմադիր պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` փաստարկված հակադարձելով Արթուր Խաչատրյանի ներկայացրած տվյալներին եւ պնդումներին: «Բյուջեն մեր նախորդ քննարկումից հետո որոշակի ճշգրտման է ենթարկվել, հաշվի են առնվել այն իրողությունները, որոնք այս պահին հասանելի են եւ կարող են օգտագործվել վերլուծություններում: Չենք ասում, որ տպավորիչ տնտեսական աճի ցուցանիշներ են մեջը դրված, քանի որ ամեն տարի նախորդ տարիների բազան բավականին բարձր է եղել: Բայց կայուն, հավասարակշռված, մեր Կառավարության ծրագրին համահունչ, մեր նպատակները սպասարկող բյուջե է»,- նշել է Բաբկեն Թունյանը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել պետական բյուջեի նախագծին: