Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածների...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը վշտակցությունն է հայտնել ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։

Այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը համապատասխան գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք բոլոր վիրավորներին արագ ապաքինում՝ հույս հայտնելով լարվածության թուլացման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման համար»,-ասված է գրառման մեջ։  

Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, Բեքաայի հովտին և հարավային Լիբանանի տարածքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Մարտի 2-ից ի վեր Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 1740-ի։