Խնդրում եմ այս հարցին քաղաքական ենթատեքստ չհա...

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորում է չքաղաքականացնել Կենտրոն ՀԸ եթերում հեռարձակված Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման փակման հանգամանքը:

«Խնդրում եմ այս հարցին քաղաքական ենթատեքստ չհաղորդել», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց նա՝ նշելով.

«Հասցեատերը սխալ է ընտրված, որովհետև մեզանից որևէ մեկը ներկայումս Կենտրոն ՀԸ հետ որևէ առնչություն չունի: Այո, ես երկար տարիներ ղեկավարել եմ լրատվական ծառայությունը, սակայն հիմա որևէ առնչություն չունեմ Կենտրոն ՀԸ հետ»:

Տոնոյանի խոսքով՝ հաղորդման փակման մասին ծանոթ է հրապարակային հայտարարություններից:

«Տնօրենը, կարծեմ, դա հիմնավորել էր եթերային ցանցի փոփոխմամբ, նոր եթերաշրջան, նոր հաղորդաշարեր», - ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում հեռուստաընկերությունը իր քաղաքական թիմին է պատկանում և կան հրապարակումներ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին միջնորդել են թույլ չտալ եթեր հեռարձակել հաղորդումը, Տոնոյանն ասաց.

«Կենտրոն ՀԸ-ն «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում է գտնվում և քաղաքական առնչությունը բացառապես այն հանագամանքով է բացատրվում, որ Գագիկ Ծառուկյանը կոնցեռնի հիմնադիրն է: Կենտրոն ՀԸ-ն կուսակցական պատկանելություն չունի: Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումների մասին հրապարակումներին, խնդրում եմ, որ այս հարցը այդ հարթության մեջ չտեղավորվի»: