
Հայաստանի եւ Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններում խնդիրների մի մասը վերաբերում է հարկային հարաբերություններին. Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք:
Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, կառավարությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու:
Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետեւ այդ վճարված հարկերի արդյունքում է ձեւավորվում եւ ձեւակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ: