Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
«Մեծ հաշվով պատճառը կողմերի միջև անվստահությունն է։ Որովհետեւ ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»։
Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։
«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարությունը և անձամբ ինքը մտադիր է ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, ընթացքի մասին պարբերաբար կզեկուցի հանրությանը։
«Ես հույս եմ հայտնում, որ 2024-ը կլինի խաղաղության բյուջե, եւ 2024-ը կլինի կայուն եւ տեւական խաղաղության մեր առաջին տարին»,- ասաց Փաշինյանը:



