Բաքուն հրաժարվում է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է մինչև տարվա վերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
APA-ին տված հարցազրույցում, ի պատասխան այս հարցին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «խաղաղության համաձայնագրի շրջանակում աշխատանքները զգալիորեն առաջ են գնացել։ Կարելի է ասել, որ բազմաթիվ դրույթներ են համաձայնեցվել։ Աշխատանքներ են տարվում որոշ դրույթների համաձայնեցման ուղղությամբ»։
«Սակայն այսուհետ ոչ կոռեկտ կլինի որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալ, թե երբ է ստորագրվելու համաձայնագիրը։ Դա գործընթաց է: Ցանկանում ենք նաև ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղություն ապահովելու, դրա կառուցման համար կարևոր է Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնությունների վերացումը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հարցին, թե խաղաղության պայմանագրի կնքման դեպքում երկու կողմերն էլ կհրաժարվե՞ն փոխադարձաբար հետ կանչել իրենց հայցերը միջազգային դատարաններում և արդյո՞ք դա արտացոլված է խաղաղ բանակցություններում, Այխան Հաջիզադեն հայտարարել է. «Իհարկե, կարևոր խնդիրներից մեկը առկա դժվարությունները, պահանջները խաղաղ գործընթացում հաղթահարելն է։ Եթե ցանկանում ենք կայուն և արդար խաղաղություն, երկրները, անշուշտ, պետք է հրաժարվեն միմյանց դեմ դժգոհություններից: Իսկ թե ինչ ուղղությամբ կզարգանա այս գործընթացը, հիմա դժվար է ասել։ Սակայն ադրբեջանական կողմի մտադրությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելն է։ Այս հարցում նույնպես անհրաժեշտ է օգտագործել բոլոր եղանակները, բոլոր միջոցները»։