Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նախատեսում են մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, Հանրապետության հրապարակում անցկացնել լայնամասշտաբ զորահանդես։ Ըստ նույն աղբյուրի՝ նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ամբողջ զինտեխնիկան՝ փորձելով ստեղծել մի տպավորություն, թե իբր վերջին տասնամյակներում նման ծավալի սպառազինում չի իրականացվել։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ստացվում է չափազանց ուշագրավ և խոր հակասություններով լի պատկեր։ Խաղաղության օրակարգի մասին ամեն օր խոսող, իրեն «խաղաղության կուսակցություն» ներկայացնող իշխանությունը, փաստորեն, պատրաստվում է հենց մայրաքաղաքի կենտրոնում զինտեխնիկայի ցուցադրությամբ քաղաքական ուղերձ հղել հանրությանը։ Ընդ որում՝ ոչ միայն արտաքին լսարանին, այլ առաջին հերթին՝ ներքին սպառման համար՝ ցույց տալու, թե իր օրոք բանակաշինության և սպառազինման աննախադեպ փուլ է եղել։

Այս փորձը, ըստ էության, նաև քաղաքական համեմատության փորձ է։ ՔՊ-ն ակնհայտորեն ձգտում է իրեն նույն հարթության մեջ դնել այն շրջանի հետ, երբ պաշտպանության, բանակի, պետականության և հաղթանակի գաղափարները մարմնավորվում էին Վազգեն Սարգսյանի ժամանակների պետական մտածողության մեջ։ Սակայն այստեղ կա մի հիմնարար խնդիր․ նման համեմատությունը չի կարող համոզիչ լինել, երբ այն արվում է ոչ թե նույն արժեքային համակարգի, այլ դրա գրեթե հակառակ քաղաքական վարքագծի պայմաններում։