
Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։
Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի` որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ:
Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին»,- ասել է փոխնախարարը: