ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:
Աշխաբադ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Թերեւս ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս ֆոնին առաջանում է բավական հետաքրքիր ու ինտրիգային հարց՝ կհանդիպե՞ն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Աշխաբադում՝ Վլադիմիր Պուտինի պատրոնաժի ներքո եւ եթե հանդիպեն, թեկուզ վերելակում, կքննարկվի՞ Ղարաբաղյան հակամարտությունը։
Մի խոսքով՝ կունենա՞ արդյոք Դուշանբեի «վերելակային դիվանագիտությունն իր շարունակությունը թե ոչ։ Սպասենք զարգացումներին։



