Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դես...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինիին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ուրուգվայի պետությանը և ժողովրդին՝ ցանկանալով խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Նախագահը նաև իր ջերմ շնորհավորանքներն է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին։

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար և Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը նաև այն է, որ շուրջ երկու դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից և հնարավորություն է ունեցել խաղաղության պայմաններում զարգանալ ու բարգավաճել:

Դեսպան Բարոլինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է երկու երկրների համագործակցության խորացման համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական, մշակութային, և այլ ուղղություններում փոխգործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործման նշանակությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները որպես երկկողմ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն, որոնք նպաստում են փոխադարձ վստահության խորացմանը։

Քննարկվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի կառուցման ավարտին (2026թ.) և Հայաստանում ուրուգվայական «Սեյբալ» թվային տեխնոլոգիաներով կրթական կենտրոնի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցերին։