ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպան...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: 

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության,  մշակույթի և սպորտի ոլորտներում: Այս համատեքստում, մասնավորապես, ընդգծվել է միջբուհական համագործակցությունը զարգացնելու, համապատասխան կառույցների համագործակցությամբ համատեղ համերգային ծրագրեր իրականացնելու, ֆեդերացիաների ակտիվ փոխգործակցությամբ մրցաշարեր կազմակերպելու հնարավորությունը: 

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխման ծրագրեր, և այս համատեքստում կարևոր է նաև այլ երկրների փորձի ուսումնասիրումն ու համագործակցությունը: Նա ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը ՀՀ բուհերի միջազգայնացման հեռանկարներ կբացի և կնպաստի նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհերի նկատմամբ հետաքրքրության աճին: 

Անդրադարձ է եղել նաև «Էրազմուս+» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, Creative Europe նախաձեռնությանը՝ կարևորելով դրանց դերը միջազգային համագործակցությունն ամրապնդելու գործում: 

Դեսպան Ալեն Դը Մյույզերն իր հերթին ներկայացրել է Լյուքսեմբուրգի կրթական, մշակութային, սպորտի ոլորտի առանձնահատկություններն ու կարևորել համատեղ ծրագրերի իրագործումն ու փորձի փոխանակումը։ 

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։