ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցե...

Աթենք կատարած այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի  նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բենակի թանգարան։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Թանգարանի ակադեմիական տնօրեն Ջորջ Մանգինիսի ուղեկցությամբ նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը և բացառիկ ցուցադրությանը։ 

Թանգարանի տնօրենը ներկայացրել է հնագույն ժամանակների ցուցանմուշները, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ խեցեղեն ցուցանմուշներ։ 

Քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության, մասնավորապես՝ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը։ 

Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Լասկարիդիս հիմնադրամ, որտեղ գլխավոր տնօրեն Կոստանդինոս Մազարակիսի ուղեկցությամբ ծանոթացել է այնտեղ պահվող հնագույն հունական ձեռագրերին։

Ներկայացնելով հին ձեռագրատան գործունեությունը՝ տնօրենը նշել է, որ հաստատությունում նաև հայկական հնագույն ձեռագրեր են պահպանվում։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջթանգարանային կապերի ամրապնդման, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մ․ Մաշտոցի անվան մատենադարանի հետ ակտիվ համագործակցության հնարավորությունները։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։