ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կապված է հայտարարագրման ենթակա գույքի ծավալի հետ, իբրև թե Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրի մեջ չի ներառել գույք, որը ենթակա էր հայտարարագրման։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Սա իրականությունից կտրված բան է, մեր գնահատմամբ։ Ըստ մեղադրանքի՝ օտարվել է այնպիսի գույք, որը դատարանի որոշմամբ ենթակա չէր օտարման։ Իբրև թե Ռուզաննա Խաչատրյանը այս ամեն պրոցեսը կազմակերպել է։ Սա ևս իրականության հետ կապ չունի։ Նա բացարձակապես իրեն մեղավոր չի ճանաչում, ունենք բազմաթիվ փաստարկներ, յուրաքանչյուր փաստարկը մենք այստեղ հնչեցնելու ենք։ Եթե ներկա լինեք, կարծում եմ՝ ձեզ համար պետք է որ ակնհայտ դառնա»,–ասաց նա։
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք չեն միջնորդել, որ դատական նիստն անցկացվի դռնփակ, բայց միջնորդել են, որ նիստը չնկարահանվի. «Մենք չենք ցանկանում, որպեսզի իմ պաշտպանյալի պատկերը շրջանառվի համացանցում, դա մարդու իրավունքն է։ Ռուզաննա Խաչատրյանը չի ուզում, որ իր պատկերը դատական նիստերի դահլիճում նման իրավիճակում նկարված պատկերը շրջանառվի համացանցում։ Ես կարծում եմ՝ այս ցանկությունը ավելի քան հասկանալի ցանկություն է։
Այսօր արդեն ավարտվեցին նախնական դատալսումները, դատարանը անցավ հիմնական դատալսումների փուլին։ Նիստը ընդհատվեց, կշարունակվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12:30 րոպե։ Ներկայության հետ կապված դատարանը թույլատրել է երեք մեղադրյալներին ներկա չգտնվել դատական նիստերին, բացառությամբ այն ժամանակ, երբ դատարանը կոնկրետ ինչ-որ նպատակից ելնելով, կոնկրետ դատական նիստին նրանց մասնակցությունը կհամարի անհրաժեշտ»,–ասաց Ալումյանը։
Հարցին՝ Ռուզաննա Խաչատրյանը սա քաղաքական հետապնդո՞ւմ է համարում, Ալումյանը պատասխանեց. «Սա շատ նուրբ, զգայուն հարց է, իր փոխարեն այս հայտարարությունը ես չանեմ։ Երբ որ համապատասխան պայմաններ կլինեն երբ որ համապատասխան պահը կլինի, Ռուզաննա Խաչատրյանը այս հարցը կմեկնաբանի»։



