Հունվարի 17-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ և համընկնում է ՀՀ Կառավարության՝ Արմավիրի մարզի զարգացման ռազմավարության ուղղությունների հետ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արմավիրիր մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, «Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ՔՈԱՖ-ի խոշորագույն բարերարներից Հագոփ Յուրեջյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնը զարգացման ծրագրերի ու ծառայությունների լայն շրջանակ կառաջարկի Արմավիրի մարզի երեխաների համար, որոնց թիվն այս պահին ապագա կենտրոնի շահառու դիտարկվող 14 համայնքում 3,000-ից ավելի է։ Ներառելով վաղ մանկան կրթության, լոգոպեդական, հոգեբանական և սոցիալական աշխատողի ծառայությունները՝ կենտրոնը նաև կիրականացնի ծնողների համար նախատեսված սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և բազմակողմանի իրազեկման նախաձեռնություններ։
«Համայնքի ղեկավարի պաշտոնում ինձ համար ամենաոգևորիչ մեկնարկը կարող էր լինել այս նախագիծը»,-բացման խոսքում նշել է նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով. «Ես ուրախ եմ, որ մեր ճակատագիրը որոշելու մանդատը կտանք այնպիսի մարդկանց, ովքեր նմանօրինակ զարգացած միջավայրից են դուրս գալիս։ Առանձնակի ուրախ եմ ՔՈԱՖ-ի հետ համագործակցելու համար, իրականում այս մեգանախագիծը ավելի, քան պարտավորեցնող է»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն շեշտել է. «Երեխաների շուրջ կատարված յուրաքանչյուր նախաձեռնություն ուղիղ ներդրում է Հայաստանի հանրապետության զարգացման և ամրացման մեջ»։
ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն ընդգծել է Արմավիրում նման կենտրոն հիմնելու կարևորությունը՝ նշելով. «Ինչպես իր բոլոր նախագծերի, այնպես էլ այս ծրագրի իրականացման ընթացքում ՔՈԱՖ-ը սերտորեն աշխատում է պետական, մարզային և տեղական իշխանությունների հետ՝ ապահովելու տարածաշրջանի առանձնահատուկ կարիքների բավարարումը: Երեխայի և ընտանիքի կենտրոնը դառնալու է նաև եզակի ռեսուրսային կենտրոն Արմավիրի համայնքների դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական և հարակից մասնագետների համար»։
ՔՈԱՖ-ի վաղեմի ընկեր, ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանը հիշում է. «ՔՈԱՖ-ի հետ իմ համագործակցությունը մեկնարկել է հենց այստեղ՝ Արմավիրում։ Երբ առաջին անգամ այցելեցի ՔՈԱՖ Քարակերտի կենտրոն, անչափ տպավորվեցի, հատկապես որ այդ ամենն արվում է երեխաների ու նրանց ընտանիքների համար։ Դա ինձ իսկապես մեծ ուրախություն պատճառեց, և ես վստահ եմ, որ Մյասնիկյան գյուղում կառուցվող այս կենտրոնը նույնպես կարևոր դեր կխաղա տեղի ու հարակից համայնքների մանուկների համար»։
ՔՈԱՖ-ի մասին ավելին իմանալու և հիմնադրամի առաքելությանն աջակցելու համար այցելեք coaf.org կայք։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:



