
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:
Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային ծրագրի արդյունքում 40-ից ավելի ուսանող իր մասնագիտությամբ արդեն ունի հիմնական աշխատանք:
«Կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրի» կարևոր գերակայություններից է, որն ապահովվում է տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման, մասնագիտական կողմնորոշման, որակավորումների ոլորտային շրջանակների վերանայման համակարգերի ներդրման և այլն: Շատ կարևոր է, որ կրթությունը աշխատաշուկայի պահանջներին ադապտացնելու պետական քաղաքականությանն աջակցում են նաև մասնավոր կառույցները՝ աշխատաշուկայի հետ կապը առավել ամրապնդելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները, ակադեմիական գիտելիքից բացի, հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու որոշակի փորձառություն տարբեր կազմակերպություններում:
«Ողջունելի է նաև, որ ծրագրին մասնակից կառույցները սոցիալական պատասխանատվություն են ստանձնում՝ աջակցելով կրթական ծրագրին և նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը»,- հավելել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կարևոր է բուհական համակարգում իրազեկվածության բարձրացումը, որից առաջին հերթին շահում են ուսանողները, կրթությունն ու տնտեսությունը:
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից․ նպատակն է աջակցել 4-րդ կուրսում սովորող ուսանողներին՝
- ստանալ 1 ուսումնական տարվա վարձավճարի 80% փոխհատուցում,
- ծրագրում ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից 44 ժամ կրթական դասընթացների մասնակցություն /5 ամիս/,
- կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն՝ ստանալով պրակտիկա գործընկեր կազմակերպություններում /3ամիս/,
- ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք:
Ծրագիրն իրականացվում է մրցակցային սկզբունքով՝ բաց հայտարարության միջոցով։ Դիմորդներն ունեն հնարավորություն դիմելու նախապես քարտեզագրված թափուր աշխատատեղերին, որոնք առաջարկվում են պոտենցիալ գործատուների կողմից։ Ուսանողներն ընտրվում են մրցույթով և ծրագրի ավարտին կարող են դիտարկվել որպես տվյալ թափուր հաստիքները համալրող առաջնահերթ թեկնածուներ։
Ծրագրին միացած կազմակերպություններից մի մասը հանդես է գալիս և՛ որպես գործատու, և՛ որպես ֆինանսավորող, և՛ դասընթացների իրականացման աջակից:
Միջոցառման ավարտին դասընթացավարներին հանձնվել են շնորհակալագրեր, իսկ նախորդ տարվա ուսանողներին՝ վկայականներ: